Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Անելանելի վիճակ. Կանկախանա՞ Կատալոնիան

Անելանելի վիճակ. Կանկախանա՞ Կատալոնիան
30.09.2017 | 23:31

Կատալոնիայի իշխանությունները անկախության հանրաքվեն ծրագրել են հոկտեմբերի 1-ին: Իսպանիայի Սահմանադրական դատարանը քվեարկությունը համարում է անօրինական: Մադրիդն արդեն ձերբակալել է քվեաթերթիկներով պահեստը և քրեական գործեր է հարուցել բոլոր քաղաքագլուխների նկատմամբ, ովքեր աջակցում են հանրաքվեին: Կատալոնիայի կառավարությունը շարունակում է պնդել ինքնորոշման իր իրավունքը: Միասնական Իսպանիայի կողմնակիցները քայլարշավում են իսպանական քաղաքների փողոցներով` պետական դրոշները ձեռքներին: Ազատ Կատալոնիայի կողմնակիցները հրապարակներ են դուրս գալիս շրջանի դրոշներով: Պաշտոնապես Կատալոնիան անկախ է եղել մինչև 1714-ը:

Բայց այդ շրջանում էլ, 12-րդ դարից, Կատալոնական կոմսությունը եղել է Արագոնի թագավորության կազմում: 1714-ին, իսպանական ժառանգության համար պատերազմում կաստիլացիները պաշարել են Բարսելոնը: Ֆիլիպ 5-րդի` Բուրբոնների դինաստիայի թագավորի, Լյուդովիկոս 14-րդի թոռան, զորքերը Կատալոնիայի մայրաքաղաքը գրավեցին սեպտեմբերի 11-ին: Բայց իսպանական ժառանգության համար պատերազմում կատալոնացիները անկախության համար չէին պայքարում, նրանք ավստրիացիների կողմն էին: 1714-ից հետո Կատալոնիան անցավ Կաստիլիային և պաշտոնական լեզուն դարձավ իսպաներենը: Դա չի նշանակում, որ Կատալոնիան 300 տարի փորձում է անկախությունը վերադարձնել: Առանձին պետություն դառնալու իրավունքի համար պայքարը Կատալոնիան սկսեց 19-րդ դարի երկրորդ կեսից: Մինչև այդ նապոլեոնյան և կառլական պատերազմների պատճառով անջատողականությունը մղվել էր երկրորդ պլան: 19-րդ դարավերջին Կատալոնիայում սկսվեց ինդուստրացումը, իսկ Իսպանիան, հակառակը, գաղութների հետ կորցրեց նախկին հզորությունը: Առաջին ազգայնական կուսակցությունը Կատալոնիայում հայտնվեց 1901-ին: 1931-ին Կատալոնիան ինքնավարության կարգավիճակ ստացավ Իսպանիայի կազմում: Այդ ժամանակ էլ ձևավորվեց կատալոնյան կառավարությունը` ժեներալիտետը: Բոլոր այդ հաղթանակները մի քանի տարի անց ոչնչացվեցին` քաղաքացիական պատերազմի սկզբից և մինչև Ֆրանկոյի մահը 1975-ին բոլոր անկախ ինստիտուտները, կատալոնյան մամուլը և անգամ տոները արգելված էին:


Եվս մեկ պատճառ է տնտեսականը: Անջատողական տրամադրություններն ուժեղացան 2008-ի ճգնաժամից հետո: Կատալոնիան Իսպանիայի ամենաբարեկեցիկ շրջանն է տնտեսական տեսակետից։ Կատալոնիայի ՀՆԱ-ն ավելի մեծ է մյուս շրջաններից, գործազրկությունը` ցածր: 2008-ից հետո գործազրկության մակարդակը աճեց անջատողական տրամադրություններին հավասար: Թեպետ անջատումից հետո Կատալոնիայի տնտեսությանը սպասվում է ճգնաժամ: Նախ` շրջանը կկորցնի իսպանական շուկան: Երկրորդ` դուրս գալով Իսպանիայի կազմից, Կատալոնիան ստիպված կլինի դուրս գալ ԵՄ-ից ու եվրոյի գոտուց: Ժան Կլոդ Յունկերն արդեն հայտարարել է, որ ԵՄ-ն կհարգի կատալոնացիների ընտրությունը, բայց Կատալոնիան պետք է անցնի բոլոր գործընթացները, որ անցնում են ԵՄ-ին անդամակցել ցանկացող պետությունները: Իսկ Իսպանիան, ամենայն հավանականությամբ, դեմ կլինի:
Խորդի Կանալը` Փարիզի EHESS սոցիալական գիտությունների ինստիտուտի պատմաբան, կարծում է, որ անջատողական տրամադրությունները սրում են տեղական ԶԼՄ-ները, ազգայնական գաղափարներ են ներշնչվում և կատալոնական դպրոցներում: Թեպետ ոչ բոլորն են նրա հետ համաձայն:


2009-2010-ի խորհրդատվական քվեարկություններից բացի` ծրագրվում էր հանրաքվե անցկացնել 2014-ին: Այն ժամանակ էլ, ինչպես հիմա, հանրաքվեի անցկացումը հակասում էր Իսպանիայի Սահմանադրությանը, որ արձանագրում է ՙանբաժանելի հայրենիք՚: Սահմանադրական դատարանն այն ժամանակ, ինչպես հիմա, հանրաքվեն ճանաչեց անօրինական: Եվ որոշվեց անցկացնել ՙսիմվոլիկ հանրաքվե՚ կամ ՙժողովրդական հարցում»: Հարցվածների 80,8 %-ը կողմ էին Իսպանիայից անջատվելուն, ճիշտ է, հանրաքվեին մասնակցել էր 36 %-ը և այդ ՙհարցումը՚ որևէ ռեալ հետևանք չունեցավ:
Այս տարի իրավիճակը միայն թվում է նման: 2015-ին տեղական խորհրդարանում մեծամասնություն են ստացել անկախության կողմնակից կուսակցությունները: Եվ իշխանության երկու տարում նրանց հաջողվել է քայլեր անել անջատման գործընթաց սկսելու համար: 2015-ին հավանություն տրվեց անկախության բանաձևին, որ փաստացի հիմք դարձավ բաժանման իրավաբանական նախապատրաստության: Այդ բանաձևով նոր հանրաքվեն ծրագրված էր 2017-ին: Սեպտեմբերի 6-ին Կատալոնիայի խորհրդարանն ընդունեց հանրաքվեի մասին օրենք և պաշտոնապես կատալոնցիներին հրավիրեց ընտրատեղամասեր: Սակայն ոչ Իսպանիայի Սահմանադրությունը, ոչ հանրաքվեի սկզբունքային հակառակորդ վարչապետը այդ ընթացքում չեն փոխվել: Մարիանո Ռախոյը կտրականապես դեմ է քվեարկությանը: Արդեն սկսվել են ձերբակալություններ, դատական գործընթացներ, առգրավված են քարոզչական նյութերը, 10 միլիոն քվեաթերթիկների պահեստը: Շրջան է ուղարկվել ոստիկանությունը և տեղական իրավապահ մարմիններին հրաման է տրվել անցնել դաշնային ներքին գործերի նախարարության կառավարման տակ:
Չնայած բոլոր ռիսկերին` կատալոնցիների մեծ մասը աջակցում է հանրաքվեի անցկացման գաղափարին: Բայց դա չի նշանակում, որ նրանք պատրաստ են կողմ քվեարկել անկախությանը: Տարբեր սոցիոլոգիական կենտրոնների եզրակացությունները տարբերվում են: Որոշ տվյալներով` համարյա 50 %-ը դեմ է անկախությանը, կողմ կքվեարկի միայն 40 %-ը: Այլ տվյալներով` 60 %-ը կողմ է, 30 %-ը` դեմ: Եթե հանրաքվեն կայանա, միանշանակ ասել, որ անջատողականները կհաղթեն, հնարավոր չէ:
RFI


Հ.Գ. RFI-ին նաև հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Տալլինի թվային տեխնոլոգիաների սամմիթում հայտարարել է, որ վստահում է Մարիանո Ռախոյի` ամբողջ Իսպանիայի շահերը պաշտպանելու ՙվճռականությանը՚:
Մակրոնն ասել է, որ ինքը բանակցում է միայն Իսպանիայի հետ և Եվրոպայի Խորհրդում իր զրուցակիցը միայն Մարիանո Ռախոյն է: «Ես գիտեմ, որ նա ներիսպանական գործերից այնքան լավ է գլուխ հանում, որքան հնարավոր է ընդհանրապես: Եվ ես չեմ կարող նրան խորհուրդներ տալ»` ասել է Ֆրանսիայի նախագահը: Մարիանո Ռախոյը նույնպես պետք է լիներ Տալլինում, բայց այցը բեկանել է Կատալոնիայի անկախության հանրաքվեի պատճառով: Չնայած նախագահի դիրքորոշմանը, Ֆրանսիայի Արևելյան Պիրենեյների շրջանի, որ պատմականորեն համարվում է Հյուսիսային Կատալոնիա, քաղաքագլուխների ասոցիացիան Կատալոնիայի իշխանություններին աջակցության նամակ է ուղղել` գրելով, որ քաղաքագլուխները պատրաստ են պաշտպանել «կարծիքի ու արտահայտման ազատությունը»: Նամակի հեղինակ Գի Իլարին AFP-ին ասել է, որ քաղաքագլուխների նախաձեռնության նպատակն է «շնորհակալություն ու նվիրվածություն» արտահայտել Կատալոնիայի քաղաքագլուխներին:


Կկայանա՞ այսօր անկախության հանրաքվեն, թե՞ ոչ, և ի՞նչ արդյունքներ կունենա կայանալու դեպքում, վերաբերում է միայն Իսպանիային ու Կատալոնիային: Բոլոր դեպքերում հանրաքվեի նախապատրաստման-արգելման-անցկացման կամ չանցկացման ամբողջ պատմությունը ի հայտ է բերում փաստը, որ ազգերի ինքնորոշման իրավունքը շատ լրջորեն սկսում է խարխլել տարածքային ամբողջականության սկզբունքը: Պարզապես աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ են եղել, որ 1975-ին ընդունված Հելսինկյան եզրափակիչ ակտը արդեն չի համապատասխանում ժամանակի պահանջներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ